«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Թուրանի ներթափանցումը քաղաքակիրթ աշխարհ

Թուրանի ներթափանցումը քաղաքակիրթ աշխարհ
20.11.2023 | 07:13

Նախորդ գրառման մեջ ասվեց պետականաշինությունից բացի մյուս ոլորտներում մեր զգալի պոտենցիալի և քաղաքակրթական պիտանիության մասին։

Հենց այս բազմակողմանիորեն պիտանի լինելն է որոշել մեր ճակատագիրը վերջին հազարամյակում, և այս հարցը մանրամասն դիտարկման կարիք ունի։

Այս պրոբլեմը հասկանալու համար պետք է առաջին հերթին հստակ պատկերացնել աշխարհակարգի դինամիկան՝ սկսած թուրքերի ներթափանցումից մեր տարածաշրջան, մինչև նրանց հաստատվելը Հայկական լեռնաշխարհում և Անատոլիայում։

Ավելի խորանալով հին ժամանակներում աշխարհակարգի դինամիկայի հետ կապված հարցերում՝ պետք է հաշվի նստել այն փաստի հետ, որ այդ ամենը տեղի ունեցավ տարածաշրջանում քրիստոնեության տարածումից և դրանից պատմական մասշտաբներով կարճ ժամանակ անց մահմեդականության հաղթարշավից հետո։

Բացի դրանից, այդ պրոցեսների դինամիկան մեծապես պայմանավորված էր այն պայմաններով ու վիճակով և պասիոնարության տարբեր մակարդակներով, որոնցում գտնվում էին տարածաշրջանի ռազմաքաղաքական պատկերը որոշող ժողովուրդները։

Հին ժամանակներից սկսած Թուրանի ներթափանցմանը դեպի քաղաքակիրթ աշխարհ միշտ խանգարել էր Իրանի հզոր պատնեշը, և թուրքական տիպի հրոսակները դեպի Արևմուտք էին գնում Կասպից ու Սև ծովերից հյուսիս գտնվող տափաստաններով։

Այն բանից հետո, երբ արաբները կործանեցին պարսկական պետականությունը, Թուրանի ճանապարհը բացվեց դեպի աշխարհի կենտրոն, որում մինչև դա թուրքերը ներկայացված էին միայն առանձին վարձկան զորքերի տեսքով։

Բացի դրանից, պետք է հաշվի առնել, որ մենք թուրքերի կողմից հպատակեցված ամենից թույլ ժողովուրդներից մեկն էինք, քանի որ մինչև դա մասնատված էինք ներքին հակամարտությունների և Արաբական խալիֆաթի ու Բյուզանդական կայսրության միջև ավելի հզոր հակամարտությունների պատճառով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ախորժակը միշտ ուտելիս է բացվում, թուրքերը շատ շուտով հասկացան, որ ուրիշներին իշխանության նստեցնելու կամ սրան-նրան տապալելու փոխարեն՝ իրենք կարող են տիրանալ անտեր մնացած երկրներին։

Մյուս կողմից էլ քրիստոնեական աշխարհը, ի դեմս պասիոնարությունը կորցրած Բյուզանդական կայսրության, այլևս չէր կարող դիմակայել պասիոնար թուրքերի ճնշմանը։

Մատթեոս Ուռհայեցին պասիոնարությունը կորցրած հույների մասին գրում է. «Գրավելով Հայաստանը, հոռոմները սկսեցին հայերին հավատաքննության ենթարկել․․․։ Նրանք տղամարդուց վերածվեցին ձվատների, սեղմ զրահների փոխարեն, որ քաջերն են կրում, լայն ու երկար հանդերձներ հագան․․․և, ինչպես կանայք, սկսեցին մեղմ ու ցածրաձայն խոսել, բայց և անընդհատ մտածել քաջ ու զորական մարդկանց կորստյան մատնելու մասին»։

Այս իմաստով շատ հատկանշական է Մանազկերտի ճակատամարտում հույների պարտության պատմությունը։

Բանն այն է, որ հույների զորքը իր կազմում ուներ նաև Սև ծովի հյուսիսով և Բալկանների կողմից ներթափանցած թուրքացեղերից կազմված ստվար զորամաս։

Մանազկերտի ճակատամարտի ժամանակ հունական զորքի մեջ եղած թուրքերը դիմացից լսվող թուրքերեն լեզվով ռազմի կոչերից հասկացան, որ հակառակ կողմում կռվողները նույնպես թուրքեր են, որը և կանխորոշեց հույների խայտառակ պարտությունը (սրա մասին մանրամասներ կարելի է գտնել Երեմեևի «Թուրքերի ծագումը» գրքում)։

Հետագա մի քանի հարյուրամյակների ընթացքում մենք ուրիշների նման քաջ ու կռվող ազգից աստիճանաբար դարձանք այլ միջոցներով մեր կյանքի հարատևումը ապահովող ազգ, որի մասին՝ հաջորդիվ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4679

Մեկնաբանություններ